Մեր դպրոցի շրջանավարտները իրենց բարձր առաջադիմությամբ և նշանակալի հաջողություններով հաճախ են աչքի ընկնում տարբեր ուսումնական հաստատություններում և մասնագիտական ասպարեզներում: Դպրոցի տնօրեն Գ. Միքայելյանը շնորհակալագիր է ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գ. Ս. Սանթրոսյանից 2010-2011 ուստարվա շրջանավարտ և այժմ ՀԱԱ համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Սամվելի Եղիազարյանի ուսման բարձր առաջադիմության, կայուն գիտելիքների և ակտիվ հասարակական գործունեության համար: <>: Շնորհավորում ենք Հասմիկին և ցանկանում նոր վերելքներ:

Օրինակելի դաս «Աշխարհագրություն» առարկայից

VII Ա դասարանում անցկացվեց օրինակելի դաս «Աշխարհագրություն» առարկայից:
Դասի թեման՝ «Տարաբնակեցում»:
Դասի տիպը՝ ամփոփիչ:
Դասի նպատակը՝ գիտելիքի ամրապնդում, ընդլայնում:
Դասի ընթացքը՝ խթանիչ հարցերով պարզեցին՝ ինչ է տարաբնակեցումը, գյուղական և քաղաքային բնակեցումը:
«Վենի դիագրամ» մեթոդի 
օգնությամբ աշակերտները պարզեցին դրանց տարբերությունն ու նմանությունը:
Մտագրոհի միջոցով ներկայացվեցին ուրբանիզացիա, ագլոմերացիա, մեգապոլիս տերմինները և դրանց բացատրությունը: «Համապատասխանեցում» մեթոդով աշակերտները գտան՝ տրված մեգապոլիսները որ երկրներում են գտնվում: Աշակերտները խոսեցին մեծ քաղաքների և գյուղերի հիմնախնդիրների մասին, «Շրջագայություն պատկերասրահով» մեթոդով խմբերը ներկայացրին իրենց կազմած ցուցապաստառները: Ապա դիտեցին ֆիլմ, ամփոփեցին դասի թեման:
Դասը հաջողված էր, նպատակն իրագործված:
Դասավանդող ուսուցչուհի՝ Մարինա Մարգարյան:

«Հրազդանն իմ տունն է» խորագրով մրցույթ

Դպրոցում ավարտին է մոտենում «Հրազդանն իմ տունն է» ստողծագործությունների մրցույթը: Ներկայացնում ենք ևս երկու աշակերտուհու ստողծագործություններից հատվածներ.
«…….Էլ շարունակե՞մ պատմել իմ քաղաքի մասին, թե դուք ինքներդ կայցելեք և ձեր սեփական աչքերով կտեսնեք ու կհիանաք իմ քաղաքով…»/Մերի Մուսայելյան- VII Գ. դաս./:

Այս ահռելի մեծ աշխարհում
Կա մի փոքրիկ սիրուն անկյուն, 
Որտեղ ես ինձ լավ եմ զգում:

Այդ անկյունը սքանչելի, 
Կյանքով լեցուն, հիանալի,
Տալիս է ինձ ջերմություն,
Մարդկանց հանդեպ բարություն:

Մերի Սարդարյան-VI Բ դաս.

Սպորտլանդիա դպրոցում

VI Ա և VI Գ դասարաններում անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական խաղը : 
Թիմերը հանդես եկան հետևյալ խաղերով.
1.Ցատկեր, գլուխկոնծի, շրջանցում
2. Գլուխկոնծի, օղակի միջով անցում
3.Մեկ ոտքով
4.Ծնողներ, գնդակի նետում
5. Բերքահավաք
6.Պարկի միջով անցում
7. Հետ-հետ վազք
8. Գնդակի նետում
9 Պարանի ձգում
Խաղն ավարտվեց 65-44 հաշվով ՝ հօգուտ VI Ա դասարանի «Արծիվ» թիմի: 
Պատասխանատու՝ Ա. Բադալյան , Թ. Սաֆարյան:
Թիմերը տնօրեն Գ. Միքայելյանի կողմից ստացան պատվոգրեր լավագույն մասնակցության համար:

Մոմավառություն՝ նվիրված սպիտակ երկրաշարժի զոհերին

Աշխարհագրության ուսուցչուհի Մ. Մարգարյանի նախաձեռնությամբ դպրոցի գրադարանում կազմակերպվեց մոմավառություն ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերին հիշատակին:

ՈՒսումնական տագնապ

Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում 06.12.18 դպրոցում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանում» ուսումնական վարժանքը: Դպրոցը տարհանվեց 1 րոպե 25 վայրկյանում:
Պատ.՝  տնօրինություն , դպրոցի զինղեկ Ավ. Հովհաննիսյան:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառություն

Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին դպրոցի գրադարանում կազմակերպվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառություն ՝ նպատակ ունենալով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հասարակության գիտակցության բարձրացումը:
Պատ՝ ԴԱԿ Լուսինե Ղազարյան
Աշ. Խորհրդի նախագահ ՝ Օֆելյա Քալանթարյան:

Օրինակելի դաս ֆիզիկայից

VIII Ա դասարանում անցկացվեց օրինակելի դաս ֆիզիկայից:
Դասի թեման՝ «Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը»:
Դասի նպատակը՝ «Էներգիա», «Էներգիայի տեսակները», «Էներգիայի պահպանման օրենքը» թեմաների կրկնություն, ամփոփում և ամրապնդում:
Դասի ընթացքը՝ խթանիչ հարցերով աշակերտները վերհիշեցին նյութը, դասարանը բաժանվեց խմբերի.
ա/ կինետիկ էներգիա ուսումնասիրողներ
բ/պոտենցիալ էներգիա ուսումնասիրողներ
գ/ լրիվ մեխանիկական էներգիա ուսումնասիրողներ
դ/ բժիշկների խումբ, որն ուսումնասիրել է մեխանիկական էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքները, արյան գույնը:
Խմբերի աշխատանքը ուսումնասիրելիս օգտագործվեց մտագրոհ մեթոդը: Պոտենցիալ և կինետիկ էներգիաների բանաձևերը ստանալուց հետո լուծեցին հանձնարարված խնդիրները: Օգտագործվեց «Վենի դիագրամ» մեթոդը էներգիաների նմանությունը և տարբերությունները ճշտելու համար: Բժիշկների խումբը բացատրեց էներգիայի պահմանման օրենքը և էներգիայի հետ կապված արյան բաց և մուգ լինելու տարբերությունը:
Պահպանվեց միջառարկայական կապը «Կենսաբանություն», «Քիմիա» առարկաների հետ:
Դասն ամփոփելուց և անդրադարձ կատարելուց հետո անցում կատարվեց նոր դասին:
Նոր նյութը բացատրելիս ներկայացվեց տեսանյութ:
Դասը հաջողված էր, աշակերտների ակտիվ մասնակցությունը՝ ապահովված:
Դասը վարեց ֆիզիկայի երիտասարդ ուսուցչուհի Արփինե Շաբոյանը:

«Հրազդանն իմ տունն է» խորագրով մրցույթ

«Հրազդանն իմ տունն է» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք IX Բ դաս. աշակերտուհի Ավանեսյան Քրիստինեի բանաստեղծությունը.

Ծաղկունյաց լեռների փեշերին ահա
Ներքին Ախտան է վաթսունամյա,
Վերածնվել է, դարձել Հրազդան,
Ե՛վ հին է, և՛ նոր, քաղա՛ք աննման:

Դու մեր օրրանն ես, տունն ես հայրենի,
Մեր պատմությունն ես, քաղա՛ք քաջերի,
Մենք քեզ սիրում ենք՝ մանուկ, պատանի,
Աստծո օրհնանքը քեզ հետ թող լինի…